Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ նրա հետ քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի խնդիրներին, մասնավորապես Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության եւ Քննչական կոմիտեի գործունեությանը:
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում:
Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել սահմանափակ մարդկային ռեսուրսների առկայության պայմաններում Պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին արժեւորել է ԱՄՆ դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում` ընդգծելով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խորացման կարեւորությունը:




























