Ճապոնիայում տարեց մարդկանց շրջանում նոր միտում է աճում. մինչ կյանքից հեռանալը նրանք կազմակերպում են սեփական դագաղի պատրաստումն ու հուղարկավորությունը: Ենթադրվում է, որ առաջիկա 50 տարիների ընթացքում Ճապոնիայի ծերացող բնակչությունը 30 միլիոնով կկրճատվի: Դրա հետ կապված ծիսական ծառայությունների շուկան այստեղ աշխուժացել է: Այսպես, 2000 թվականից 2013-ը դրանով զբաղվող տեղական կազմակերպությունների թիվը 550-ից հասել է 2000-ի: Ներկայում ԱՄՆ-ում այդ ոլորտի ծավալը կազմում է 5.2 մլրդ դոլար:

Aeon-ը ճապոնական ծիսական ծառայությունների ոլորտի խոշորագույն առեւտրային ցանցերից է: Այստեղ առաջարկում են ամեն ինչ. իրավաբանորեն ճիշտ կտակ կազմելու վերաբերյալ խորհրդատվությունից մինչեւ ավելի հարմար դագաղի ընտրությունը: Հաճախորդներին նույնիսկ թույլ են տալիս պառկել դրա մեջ:

Նման ընկերությունները նաեւ հաճախորդների համար տարբեր սեմինարներ են կազմակերպում: Օրինակ՝ սովորեցնում են, թե ինչպես պետք է լուսանկար պատրաստել հուղարկավորության համար:

Իսկ նրանք, ովքեր որեւէ վառ բան են ցանկանում, ըստ NTDTV-ի, կարող են իրենց համար տեղ պատվիրել Տոկիոյի կենտրոնում գտնվող գերեզմանատանը: Այստեղ հազարավոր փոքրիկ Բուդդաներ կան, որոնք լուսավորված են դիոդային լույսերով: Հարազատներին հատուկ քարտ են տալիս, որի ակտիվացումից հետո հանգուցյալի բջիջը այլ գույնով է լուսավորվում: Ընդհանուր առմամբ շինությունում արդեն 2046 Բուդդա կա: Նման գերեզմանատները Ճապոնիայում դեռեւս եզակի են: Սակայն երկրում տարածքի դեֆիցիտ է, այդ պատճառով հուղարկավորության նման վայրերը կարող են հաջորդ տարածված միտումը դառնալ: