Իր սեռական կողմնորոշման պատճառով ցուլը կարող է սպանդանոցում հայտնվել: Բանն այն է, որ սերմնավորող ցուլը հետաքրքրություն է ցուցաբերում միայն արուների հանդեպ:
Բենջի անունով ցուլին, ըստ Metro-ի, Իռլանդիայի Մեյո կոմսությունից ֆերմերը գնել է կովերին բեղմնավորելու համար: Ֆերմերը պատմել է, որ Բենջիի հետ մեծ հույսեր էր կապում, այդ պատճառով շատ է հիասթափվել՝ իմանալով, որ բավական երկար ժամանակ կովերից ոչ մեկը չի հղիացել:
Սկզբում իռլանդացին եւ ֆերմայի աշխատողները կարծել են, որ Բենջիի արդյունավետությունը տուժում է «աշխատանքային պայմանների» պատճառով. ցուլին հարկադրում էր իր սեռական պարտականությունները հրապարակային կատարել: Սակայն կենդանու պահվածքն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ ցուլը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում հակառակ սեռի հանդեպ, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է արուների վրա:
Ֆերմերի խոսքով, ինքը համակերպվել է Բենջիի սեռական կողմնորոշման հետ, սակայն մտադիր չէ շարունակել պահել անօգուտ կենդանուն: Հիմա ցուլը սպանդանոց ուղարկվելու վտանգի տակ է:
Իհարկե, իռլանդացին չի շտապում գեյ-ցուլին սպանդանոց ուղարկել, քանի որ կովերից մեկի հղիությունը հարցականի տակ է: Եվ մինչեւ ֆերմերը չստանա իրեն հուզող հարցի պատասխանը, Բենջիի ճակատագիրը մազից կախված է լինելու:





























