Ներկայումս ղարաբաղյան հակամարտության շուրջ գոյություն ունեցող իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ի պատասխան ղարաբաղյան հակամարտության շուրջ կարծիք հատնելու խնդրանքին՝ դեսպանը նկատեց, որ դա «իր դիրքորոշումը չէ, այլ Ֆրանսիայինը»: «Ձեզ այն հրաշալիորեն հայտնի է: Նախագահ Օլանդը դեռ վերջերս հերթական անգամ այն արտահայտել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ», - նշեց դիվանագետը:

Դեսպանի խոսքով՝ Փարիզը կարծում է, որ հակամարտության  կողմերին անհրաժեշտ է հնարավորինս արագ փոխադարձ ընդունելի լուծում գտնել, որը կհամապատասխանի վեճի առարկայի բնակչության ցանկությանը: Ֆրանսիան, լինելով Մինսկի խմբի համանախագահ, զբաղված է հակամարտության լուծման որոնումներով եւ կողմերին աջակցություն ցուցաբերելով: