Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է իր աշխատանքների առաջնահերթությունները:
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում կայացած առաջին մամուլի ասուլիսին նա հայտնեց, որ նախօրեին իր հավաստագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին: Հավաստագրերի հանձնման արարողությունից հետո կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններն ու դրանց հեռանկարները: «Ես ուրախ եւ հպարտ եմ դեսպանի պաշտոնում նշանակվելու առիթով: Հայաստանը Ֆրանսիայի համար կարեւոր երկիր է, որի հետ մենք ունենք վաղեմի հարաբերություններ», - հայտարարեց դեսպանը:
Ֆրանսիացի դիվանագետը փաստեց բարձր մակարդակով քաղաքական երկխոսության առկայությունը: «Ֆրանսիայի երեք նախագահները այցելել են Հայաստան՝ Շիրակը, Սարկոզին եւ Օլանդը: Նախագահ Սարգսյանը բազմաթիվ անգամներ եղել է Փարիզում: Վերջին անգամ՝ հոկտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հանդիպմանը մասնակցելու նպատակով», - հիշեցրեց դեսպանը՝ հավելելով, որ նախագահ Ֆրանսուա Օլանդի համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելը հակամարտության կարգավորման համախոհությունն ընդգծելու առիթ էր: Դեսպանը նաեւ նշեց 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայաստան այցելելու նախագահ Օլանդի մտադրության մասին:
Դեսպանի խոսքով՝ երկրների միջեւ զարգանում է ապակենտրոնացված եւ միջխորհրդարանական համագործակցություն, մշակույթի եւ արվեստի, կրթության, գյուղատնտեսության ոլորտներում ամուր կապեր են հաստատվել, տեղի է ունենում մասնագետների փոխանակություն, ընդ որում, համագործակցությունը նաեւ պայմանավորված է հայկական սփյուռքով:
Դեսպանը նաեւ հայտարարեց, որ հայերենի ուսումնասիրության գործում հույս ունի հաջողությունների հասնել: «Իհարկե, ձեր օգնությամբ», - նրբակիրթ կերպով նշեց դեսպանը:





























