Սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավարտում է Ուրուգվայի նախագահ 79-ամյա Խոսե Մուխիկայի մասին ֆիլմի նկարահանումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Ֆիլմը կոչվում է «Վերջին հերոսը» եւ պատմում է պետության ղեկավարի կյանքի մասին, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2015թ. մարտի 15-ին: Ըստ սահմանադրության՝ նա չի կարող վերընտրվել երկրորդ ժամկետն անընդմեջ: Ֆիլմի համար հիմք են ծառայել հարցազրույցները, որոնք Խոսե Մուխիկան տվել էր Էմիր Կուստուրիցային Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում եւ Նյու Յորքում:
Ուրուգվայի առաջնորդը Կուստուրիցայի հետ զրույցում խոսել է համաշխարհային խնդիրների եւ երկրում մարիխուանայի արտադրության եւ վաճառքի օրինականացման մասին: Նա նաեւ ռեժիսորին պատմել է բանտում անցկացրած օրերի մասին իր հիշողությունները: Ֆիլմի վերջնի գլուխը կդառնան երկրի նախագահի պաշտոնում Խոսե Մուխիկայի վերջին օրերի վերաբերյալ նկարահանումները:
Հեռացող նախագահը անցյալում հայտնի էր որպես «Տուպամարոս» խմբավորման մասնակից: 1960-1970 թթ. զորքերի հետ բախումների ժամանակ Մուխիկան հրազենային վեց վնասվածք էր ստացել, առեւանգվել, կտտանքների ենթարկվել եւ 14 տարի անցկացրել բանտում: 1985 թ. մարտին՝ քաղբանտարկյալների համաներումից հետո, նա ազատվել էր այն համոզմունքով, որ իշխանափոխության բռնի մեթոդների կիրառումը սխալ էր:





























