Ռոբերտ Քոչարյանը անպայման կանգնելու է դատարանի առաջ։ Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի կողմից Հայաստանի նախկին նախագահի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան ուղարկված հայցին, ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։ «Որեւէ մեկը թող կասկած չունենա, որ ժամանակավորապես ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը կանգնելու է դատարանի առաջ եւ պատասխան է տալու հայ ժողովրդի ու մարդկության առաջ կատարած իր հանցագործությունների համար»,-նշեց Դավիթ Շահնազարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ ապագա կունենա հայցը։ Նա նաեւ հավելեց. «Չափազանցություն չի լինի ասել, որ այդ հայցը հայ ժողովրդի կողմից է»։

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է մոտ մեկ ամիս  առաջ ուղարկված «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Ծանուցմամբ այդ մասին Հայ ազգային կոնգրեսին տեղեկացրել է Դատախազի գրասենյակը:

Ըստ այդ ծանուցման, հաղորդումը գրանցվել է գրասենյակի հաղորդումների ռեգիստրում եւ կուսումնասիրվի` համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուսի դրույթների։