Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2010թ.-ին միայն գերակատարումներ է արձանագրում:
ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ. առաջին կիսամյակի հավաքագրումները գերակատարվել են եւ հարկային, եւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 285,2 մլրդ դրամ` առանց սոցիալական ապահովագրության վճարների կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 30,7 մլրդ դրամով:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հունիս ամիսներին հավաքագրվել է մոտ 53 մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ.-ի առաջին կիսամյակի համեմատ` ավելի քան 4,7 մլրդ դրամով ավելի գումար` առանց սոցիալական ապահովագրության վճարների:
Սոցիալական ապահովագրության վճարների մասով եւս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի եւ 2009-ի առաջին կիսամյակի, այնպես էլ այս տարվա հունվար-հունիս ամիսների ծրագրային ցուցանիշների նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի առաջին կիսամյակում հավաքագրվել է մոտ 54,7 մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է մոտ 5,6 մլրդ դրամով:


























