Պակիստանում շուրջ 5 հազար երեխաներ հաճախում են Ուսամա բեն Լադենի հետեւորդի պարապմունքներին, որոնց ընթացքում դասավանդվում են նախկին «թիվ 1 ահաբեկչի» գաղափարները, հայտնում է BBC-ն:

Ուսուցումը կազմակերպել է Իսլամաբադի Կարմիր մզկիթի հայտնի իմամ Աբդուլ Ազիզ Ղազին:

«Ուսամա բեն Լադենը հերոս է մեզ բոլորիս համար: Նա ըմբոստացավ Ամերիկայի դեմ եւ հաղթեց: Նա մեզ ոգեշնչեց ստեղծել այս դպրոցը», —հայտարարել է Ղազին:

Աշակերտների ուսումնական պլանը կազմված է Ղուրանի, արաբերենի եւ աստվածաբանության ուսումնասիրությունից: Բնական գիտությունները, մաթեմատիկան եւ արվեստը դիտարկվում են որպես  «աշխարհիկ»: Դպրոցական առարկաների մեծամասնությունը գրված են եւ տպագրված Ղազիի կողմից:  Կարճ դասընթացը տեւում է 12 ամիս, սակայն աշակերտները կարող են ութամյա դասընթացի գրանցվել, որն ավարտելուց հետո ստանում են իմամի կարգավիճակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ իմամի՝ դպրոցում երեխաների զինվորական պատրաստականությամբ չեն զբաղվում, այլ միայն  սովորեցնում են ջիհադի հիմունքները:

Սովորող երեխաների մեծամասնությունը աղքատ ընտանիքներից է: Դպրոցում նրանք հնարավորություն ունեն լավ սնվելու եւ անհրաժեշտության դեպքում անվճար բուժօգնություն ստանալու: