Այսօր` հուլիսի 1-ին լրանում է «Գալա» հեռուստաընկերության գործունեության 5 ամյակը: Այս կապակցությամբ հեռուստաընկերությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«Կառույցի ամենակարեւոր ձեռքբերումը եղավ այն, որ «Գալա»-ն՝ հեռուստադիտողների բազմահազարանոց բանակի հետ միասին ապացուցեց իր հանրային անձեռնմխելի սեփականություն լինելու փաստը:
Զավեշտ է, բայց իրականություն. «Գալա» հեռուստաընկերությունն իր 5-ամյակը տոնում է կրկին առանց գովազդի: Հիշեցնենք, որ 2010 թ.-ի փետրվարից սկսվեց «Գալա»-ի գովազդատուների դեմ կազմակերպված արշավի նոր փուլը, եւ շուրջ 5 ամիս հեռուստաընկերությունը կրկին աշխատում է գովազդից զուրկ եթերացանկով:
Ավելին. 2010թ.-ի հուլիսի 12-ին շարունակվելու են «Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Գալա» հեռուստաընկերության», իսկ 2010թ.-ի հուլիսի 16-ին «ՊԵԿ-ն ընդդեմ «Գալա» հեռուստաընկերության» դատական գործընթացները:
Պատմությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, փոխվում են դերերն ու դերակատարները, սակայն «Գալա» հեռուստաընկերության դիրքորոշումն անփոփոխ է: «Գալա»-ն մշտապես հանրությանն ապահովել է օբյեկտիվ, բազմակողմանի, ճշգրիտ լրատվությամբ եւ այսուհետ եւս գործելու է նույն սկզբունքային աշխատաոճով»:


























