Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է  ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Յուն-Հոյին եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ակտիվացման  համար գոյություն ունի մեծ ներուժ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանի խոսնակը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Հ. Աբրահամյանը աջակցության պատրաստակամություն է հայտնել կորեական ընկերություններին  Հայաստանում ներդրումների, մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում:

Իր հերթին դեսպան Լի Յուն-Հոն բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կորեա, որը մեծ նշանակություն ունեցավ  հայ-կորեական հարաբերությունները նոր, առավել ամուր  հիմքերի վրա դնելու առումով: Միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր նշանակություն ունեցավ Սեուլում երկու երկրների խորհրդարանների նախագահների կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Դեսպանը նշել է, որ ավելացել են Հայաստանի եւ Կորեայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները, նվաճումներ կան ինչպես առանձին նախագծերի իրականացման, այնպես էլ գործարար շփումների ոլորտներում: