Մենք, բնականաբար, ողջունում ենք Ժողովրդական կուսակցության պատրաստակամությունը միանալու մեր շարժմանը եւ օգնելու ժողովրդի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Ժողովրդական կուսակցության այսօրվա հայտարարությանը:
«Բնական է, որ սեղմում ենք իրենց մեկնած ձեռքը եւ կարեւորում ենք լայն կոնսոլիդացիայի այս փուլում Ժողովրդական կուսակցության միանալու պատրաստակամությունը:
ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ չէ, որ նշել է երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար լայն համախմբման անհրաժեշտության մասին»,-նշել է Ուրիխանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժողովրդական կուսակցությունը» հանդես է եկել հայտարարությամվ, որտեղ նշել է, որ ԺԿ-ն մտահոգված է երկրում տիրող իրավիճակով, ողջունում եւ համագործակցության ձեռք է մեկնում Եռյակին՝ համոզված լինելով, որ համաժողովրդական հզոր շարժումը կլուծի մեր երկրի զարգացման ուղին:
«Դրա համար հարկավոր է յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ:
Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա տեղ տալ նոր, համազգային ներուժի ապահովման, ծրագրերի մշակման եւ դրանք կյանքի կոչելուն: Ազգովի պետք է որոշենք ապրելու, ստեղծագործելու, հզորանալու, արդար երկրում ապրելու առաքելությունը»,-ասված էր ԺԿ հայտարարությունում:




























