Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 12-13-ին Բեռլինում մասնակցեց ԵԱՀԿ շվեյցարական նախագահության, Գերմանիայի արտգործնախարարության եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հակասեմականության վերաբերյալ ԵԱՀԿ Բեռլինյան հռչակագրի տասնամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահը, Գերմանիայի, Սերբիայի, Սլովակիայի, Իտալիայի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ մի շարք մասնակից եւ գործընկեր երկրների ԱԳ փոխնախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իր ելույթում նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ԵԱՀԿ այն հանձնառությունների կատարման վրա, որոնք ընդգծում են Հոլոքոստի եւ այլ ցեղասպանությունների մասին հիշողության պահպանման եւ կրթական համակարգում արտացոլելու անհրաժեշտությունը: Ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտության համատեքստում վկայակոչվեց Հոլոքոստի ծրագրման ժամանակ մոռացության մատված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիտլերի հայտնի արտահայտությունը:
Աշոտ Հովակիմյանը նաեւ հակադարձեց` հակասեմականության վերաբերյալ հանդիպումը հայատյացության քարոզչության ամբիոն վերածելու Ադրբեջանի պատվիրակի փորձերին:




























