Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Դանիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, դանիական կողմից` ԱԳՆ Եվրոպական Հարեւանության վարչության պետ Ուֆֆե Բալսլեւը:
Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարեւորվեց հայ-դանիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերին:
Մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցության եւ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Նույն օրը դանիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին:





























