«Հյուսիս-Հարավ» մայրուղու Շիրակի մարզի նախագծվող հատվածում մուտքի ճանապարհային երթուղիներն են կազմվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքով, ներկայում մարզային վարչակազմը ստանում է մարզային մշանակության ճանապարհների հետ տրանսպորտային հանգույցների հատման, ինչպես նաեւ անասունների հոտի եւ գյուղտեխնիկայի անցման նախագծերը:
Մարզկենտրոն Գյումրիի շուրջ ճանապարհի շրջանցող հատվածի՝ ծրագրով նախատեսված նախագիծը մարզի ղեկավարությանն առայժմ չի ներկայացվել: «Առայժմ չգիտենք, թե ինչպես է այն անցնելու: Բայց եթե քաղաքի ծայրամասերով, նույնպես վատ չէ: Միանգամից դրանք էլ կարգի կբերենք: Բնակիչները նույնպես չեն տուժի. կգտնենք վայրեր, որտեղ մեծ բեռնատարների երթեւեկությունը նրանց չի խանգարի»,- հավելեց մարզպետը:
Հիշեցնենք, որ ներկայում ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվում առաջին տրանշի (Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արտաշատ հատվածներ) եւ երկրորդ տրանշի շրջանակում (Աշտարակ-Թալին հատված): Նախապատրաստական աշխատանքներ են տարվում երրորդ տրանշի շրջանակում՝ դեպի Շիրակի մարզ տանող Թալին-Լանջիկ հատվածում:
4 գիծ ունեցող բետոնե «Հյուսիս-Հարավ» մայրուղին կրճատելու է Իրանից մինչեւ Վրաստանի սահման ճանապարհի համար ծախսվող ժամանակը, ինչպես նաեւ ներկա 556 կմ-ը դառնալու է 500 կմ՝ լեռնային որոշ հատվածների ուղղացման եւ նոր՝ ավելի ուղիղ ճանապարհահատվածների կառուցման հաշվին (Արարատ քաղաքից Վայոց Ձորի մարզով մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, իսկ այնտեղից՝ մինչեւ Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է: Նախագծի հիմնական դոնորը Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար):



























