Ամերիկյան Թեխաս նահանգում Լա Պորտ քաղաքի DuPont գործարանում քիմիկատների արտանետման արդյունքում 4 մարդ մահացել է, 1 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց: Ձեռնարկության աշխատակիցները վթարային ծառայություն են կանչել արտանետումից անմիջապես հետո:

Գործարանի հայտարարության համաձայն, չորս մարդ մահացել է, ովքեր ենթարկվել են քիմիկատների ուղղակի ազդեցությանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Վթարը տեղի է ունեցել մեթիլմերկապտան քիմիկատի արտահոսքի արդյունքում, որը գործարանում օգտագործվում է բույսերի պաշտպանության համար միջոցներ արտադրելու ժամանակ: Հենց այդ քիմիկատն է ավելացվում նաեւ բնական գազին՝ դրան հոտ տալու համար:

Ներկայում ձեռնարկության շրջակայքում գազի հոտ է տարածվել, սակայն տեղական իշխանությունները պնդում են, որ դա արդեն վտանգ չի ներկայացնում եւ շուտով վտանգավոր նյութերը կցնդեն:

Հավելենք, որ Լա Պորտը գտնվում է Հյուսթոն քաղաքից 25 կմ հեռավորությամբ: