Հոլանդացի փորձագետները այսօր՝ նոյեմբերի 16-ին, սկսել են հավաքել Դոնեցկի մարզում ընկած մալայզիական Boeing 777 օդանավի կտորները: Դեպքի վայր են ժամանել նաեւ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ԱԻՆ-ի, Տրանսպորտի նախարարության եւ ոստիկանության քննչական վարչության աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԴԺՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, հոլանդացի փորձագետները հատուկ ներկով նշում են օդանավի այն կտորները, որոնք պիտի դուրս բերեն: Նրանք նկարագրում են այդ կտորները, ապա բեռնատարներով տեղափոխում: Ուղարկելուց առաջ օդանավի առավել մեծ կտորները կմասնատեն: Սպասվում է, որ հավաքման ողջ գործընթացը կտեւի առնվազն 10 օր:
AP-ի փոխանցմամբ՝ իրավիճակը վերահսկում են ԵԱՀԿ պաշտոնյաները: Օդանավի կտորները կուղարկվեն Խարկով, ապա՝ Հոլանդիա, որը համակարգում է ավիաաղետի պատճառների հետաքննությունը:
Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 օդանավը, որն Ամստերդամից թռչում էր Կուալա Լումպուր, հուլիսի 17-ին աղետի է ենթարկվել Ուկրաինայի արեւելքում: Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են:




























