ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկջոկատային Ռոբերտ Օ’Նիլը հայտարարել է, որ գոլֆ խաղը իր մոտ ավելի սուր էմոցիոնալ լարվածություն է առաջացնում, քան «Ալ Կաիդայի» առաջնորդ Բեն Լադենի ոչնչացման հատուկ գործողությունը:

Օ’Նիլը The New York Post-ին տված հարցազրույցում պատմել է, որ հոգեբանը իրեն առաջարկել է գոլֆ խաղալ, որպեսզի ազատվի «հետտրավմատիկ սթրեսից»: «Սակայն դա վատ գաղափար էր: Խաղի ժամանակ ավելի ուժեղ սթրես ես ապրում, քան ռազմական գործողությունների ժամանակ»,-նշել է զինվորականը:

Ռոբերտ Օ’Նիլը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ հենց ինքն է ոչնչացրել բեն Լադենին: 38-ամյա տղամարդն իր ինքնությունը որոշել է բացահայտել այն բանից հետո, երբ նրան զրկել են մի շարք սոցիալական արտոնություններից: Հատուկջոկատայինը 20 տարվա փոխարեն բանակում ծառայել է 16 տարի:

Օ’Նիլի հայտարարությունը, որ հենց ինքն է գնդակահարել բեն Լադենին, վիճարկվել է, իսկ ինքը քննադատության թիրախ է դարձել հրամանատարության կողմից՝ ամերիկյան հատուկջոկատայինների կանոնադրությունը խախտելու համար: