Իրանն ու Վենեսուելան պայմանավորվել են համագործել ՕՊԵԿ-ի շրջանակում՝ նպատակ ունենալով նավթի գները վերադարձնել նախկին մակարդակին. մեկ բարելը՝ 100 դոլար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգենի եւ Վենեսուելայի ԱԳ նախարար Ռաֆայել Ռամիրեսի՝ նոյեմբերի 16-ին Թեհրանում կայացած բանակցությունների ժամանակ:
Ռամիրեսը լրագրողներին տեղեկացրել է, որ Վենեսուելայի եւ Իրանի համագործակցությունը բնական է: «Ավանդաբար ՕՊԵԿ-ի շրջանակում Իրանի եւ Վենեսուելայի դիրքորոշումները համընկնում են, եւ նավթային ոլորտում մեր համագործակցությունը միշտ անկեղծ է եղել»,- ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, ՕՊԵԿ-ի անդամները ներկայում երկկողմ խորհրդատվություններ են անցկացնում, որպեսզի կարծիքներ փոխանակեն եւ մոտեցնեն դիրքորոշումները նոյեմբերի 27-ին նախանշված կազմակերպության նստաշրջանին ընդառաջ:




























