«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հրապարակային ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որտեղ նրան հիշեցնում է, որ ոչ լեգիտիմ նախագահի աթոռն իր գինն ունի եւ եկել է այդ գինը վճարելու ժամանակը:
Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Դուք չեք կարող չհամաձայնվել, որ մեր երիտասարդ հանրապետության անկախության 20-ամյա պատմության վերջին տաս եւ ավելի տարիների ընթացքում ժողովրդավարական արժեքներն անխնա ոտնահարվում են ամեն ժամ եւ ամեն քայլափոխի: Պետության եւ ժողովրդի անվտանգության, օրինականության պատասխանատուները դուրս են եկել օրենքի դեմ, հանցագործությունները կանխողներն իրենք են դարձել հանցագործներ: Վերջին նախագահական ընտրությունները Հայաստան աշխարհում վերջնականապես հաստատեցին բռնապետություն' դրա բոլոր դրսեւորումներով: Քրեածին տարրերն, օլիգարխների եւ իրավապահ մարմինների անմիջական աջակցությամբ գողացան ժողովրդի իշխանությունը` ձեռք բարձրացնելով սրբության սրբոց Սահմանադրության վրա: Եվրոպայից ժամանած պրեսկոտյան «ժողովրդավարության ջատագովները» դարձան Ձեր սեւ գործի թամադան:
Մեզ հայտնի է, որ ՀՀ-ում ոչ լեգիտիմ նախագահի աթոռն իր գինն ունի: Եկել է այդ գինը վճարելու ժամանակը' ի վնաս անկախ պետականության, ինքնիշխանության եւ հայ ազգի երազած ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի: Նախագահներ Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւն ի լուր աշխարհի հայտարարեցին Արցախի հարցի լուծման թուրք-ադրբեջանական «բաղձալի» տարբերակի' որպես պանթուրքական ծրագրի շղթայի կարեւորագույն օղակի, մասին:
Պարոն Սարգսյան: Մեր դարավոր ոսոխի երազանքը' հայության տարբեր հատվածների միջեւ թշնամություն սերմանելու մասին, որը չէր հաջողվում ոչ մեկին ավելի քան 20 դար, այսօր, ղարաբաղյան կլանի շնորհիվ, որի կարկառուն ներկայացուցիչն եք Դուք, իրականություն է դառնում: Հայաստանում արցախցու վրա խեթ են նայում, նրա մեջ տեսնելով իրենց 20-ամյա տառապանքների, զրկանքների, թալանի եւ ինչն ամենակարեւորն է' մարդկային կորուստների, անմիջական մասնակցին: Այդ կլանի ազգակործան քաղաքականության արդյունքում այսօր ունենք տնտեսապես քայքայված, սոցիալապես թշվառ, բարոյալքված Հայաստան, որը պարբերաբար պարտվում է եւ՛ արտաքին, եւ՛ ներքին բոլոր, այո՛, բոլո՛ր, նախաձեռնություններում:
Մենք երբեք չենք մոռանա «Մարտի 1»-ը, որն իր եղեռնագործությամբ գերազանցում է Ցեղասպանությանը: Մայրաքաղաքում, հայոց պատմության մեջ առաջին անգամ, հայը թափեց հայի արյուն: Ավելին, դա կատարվեց հայ առաքելական եկեղեցու, իսլամական մզկիթի եւ հայկական գյուղատնտեսական մթերքների շուկայի եռանկյունում, ինչն էլ բնութագրում է վայրագի ոգին ու էությունը:
Դուք այդ չարագործությունը չդատապարտեցիք: Թող ների մեզ Աստված, միթե՞ այլ մատաղացու չունեիք, թե՞ գառներին պահում էիք Ձեր ընտանեկան բիզնեսը զարգացնելու համար:
Դրա շարունակությունն էր Ձեր' նախագահի աթոռը զավթելուն նվիրված, շնորհանդեսն Ազատության հրապարակում, ուր դեռեւս թարմ էր «գահին» տիրանալու համար հեղված արյան հիշողությունը: Հայ առաքելական եկեղեցու օրենքներով չարագույժ այդ օրը համընկավ անմեղ զոհերի մահվան քառասուն օրվա հետ: Այդ «հանդիսավորության» լուռ վկաներ էին փշալարերը, զորքը, ոստիկանությունը եւ մեկ ել Ձեր գլխի վերեւում պտտվող աղբակույտի երկնագույն թափանցիկ տոպրակը:
Դուք Մարտի մեկի 10 անմեղ զոհերի եւ ղարաբաղյան հերոսամարտի քարե հուշարձան դարձած 7 հազար հերոս տղաների մայրերի անեծքից չեք կարող ազատվել: Ի վերջո, մեզ' Հայաստանում բնակվողներիս, համար ոչինչ լավատեսական չի մնացել: Կեղծ տնտեսական «աճի» նախաճաշը վաղուց թթվել է, դեն նետեք:
Պարոն Սարգսյան, բավ է: Մեկ անգամ եւս կրկնում ենք' հեռացե՛ք»:
Հիշեցնենք, որ «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնությունը կազմավորվել է «Ժառանգությունից» հեռացած անդամներից, որոնց շարքում են Զոյա Թադեւոսյանը, Արթուր Սարդարյանը, Մովսես Արիստակեսյանը: Նախաձեռնությունը ՀԱԿ-ի կազմում է:


























