Հուլիսի 1-ին Կապանի ավագանու արտահերթ նիստում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ ավագանու ներկա անդամները միաձայն հաստատել են ուղերձի տեքստը, որում մասնավորապես ասվում է.

« ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում են ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում:

Հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության լայն շրջանակներում դժգոհությունների ու մերժողական մոտեցման արժանացած հարցի արդիականությունը, մտահոգվելով այն հետեւանքներով, որ կարող են առաջանալ հանքավայրի շահագործման արդյունքում` ունենալով վնասակար ազդեցություն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի, ինչպես նաեւ տնտեսական ու սոցիալական բնականոն զարգացման հարցի վրա, միանալով մեր համայնքում գործող հասարակական կազմակերպությունների կոչերին, հարկ ենք համարում հանդես գալ սույն ուղերձով:

Հնարավոր բազմաթիվ էկոլոգիական անկանխատեսելի հետեւանքները, ռադիոակտիվ ճառագայթային անխուսափելիությունը, Ողջի գետի ավազանի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով կհանգեցնեն Սյունիքի մարզի հարավային սահմանամերձ շրջանների բնակիչների արտագաղթի` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Խնդրում ենք ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ կառավարությանը կրկին անգամ անդրադառնալ ուրանի հանքավայրերի շահագործման ծրագրերին` դրանք կասեցնելու եւ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը չեղյալ համարելու նպատակով»:

Նշենք, որ այսօր` հուլիսի 2-ին ժամը 13-ին, Կապանի քաղաքապետարանում տեղի կունենա Հայաստանում ուրանի ծրագրի իրականացմանը նվիրված հանրային քննարկում, որին կմասնակցեն ՀՀ էներգետիկայի եւ բնական նախարարության, Սյունիքի մարզային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ: