ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հերթական նամակն են ուղարկել: Այս անգամ հեղինակը ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն է, որը նշում է, որ համանախագահող երկրների նախագահների առաջարկները նոր պատերազմի հնարավորություններ են բացում:

 Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Գաղտնիք չէ, որ հուլիսի 4-ին Ձեր կողմից ծրագրված այցելությունը Երեւան նախ եւ առաջ ենթադրում է անդրադարձ Արցախի հակամարտության խնդրին: Ձեր ժամանելուց առաջ Կանադայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջին դեմքերը` Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւը տարածեցին ԼՂ հակամարտությանը վերաբերող մի հայտարարություն, որտեղ նշված առաջարկները մեր` հայ երիտասարդներիս խորին համոզմամբ, առաջացնում է  տարածաշրջանում նոր պատերազմի հնարավորություններ:

Ավելին, ոչ Ձեր երկիրը` ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանն ու Ֆրանսիան պատշաճ կերպով չդատապարտեցին ընդամենը մի քանի օր առաջ Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղ գտած ադրբեջանական բացահայտ սադրանքը, որի հետեւանքով զոհվեցին  իրենց Հայրենիքը պաշտպանող  Պաշտպանության բանակի զինծառայողներ: Վստահ ենք, որ եթե նման դեպք գրանցվեր Իրաքում, Աֆղանստանում կամ Կոսովոյում, ապա ամերիկյան լրատվամիջոցներն անմիջապես ուղիղ եթեր կապահովեին միջադեպի վայրից, իսկ Սպիտակ տունը եւ պետքարտուղարությունը մեկ մյուսին հերթ չտալով կդատապարտեին տեղի ունեցածը:

Այն, ինչ որ առաջարկում են Ձեր, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, ոչ միայն չի կարող լուծել Արցախի խնդիրը, այլ հանգեցնելու է նոր եւ անկանխատեսելի հետեւանքների: Համանախագահ երկրներից եւ ոչ մի պաշտոնյա ցայսօր հոդաբաշխ բացատրություն չտվեց հայ հասարակությանը, թե ինչո՞ւ Կոսովոն կարող է անկախ լինել, իսկ Արցախը` ոչ:

Երկակի ստանդարտների իրագործումը հայտնի է ամբողջ աշխարհին, բայց գերակշիռ են նաեւ այն դեպքերը, որ նմանատիպ ստանդարտների իրագործումը հանգեցնում  է մեծագույն ողբերգությունների:

Արցախին պարտադրվող ցանկացած որոշում հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որոնք կարող են համաճարակի պես տարածվել  ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդգրկել աշխարհագրական շատ ավելի ծավալուն տարածքներ: Արցախցին ցանկանում է ազատ ապրել,  եւ այդ որոշումը ոչ ոք իրավասու չէ բեկանել»: