Դոլարի փոխարժեքը գերազանցել է 52 ռուբլին, եվրոյինը կազմել է 64,24 ռուբլի: «ՌԻԱ Նովոստին», հիմնվելով դեկտեմբերի 1-ին Մոսկվայի բորսայի տեղի ժամանակով ժ. 10.06-ի տվյալների վրա, հայտնում է, որ պահուստային երկու արժույթներն օրվա սկզբին նորացրել են ռեկորդները՝ հասնելով 52 եւ 64,55 ռուբլու համապատասխանաբար:
Ռուբլին շարունակում է թուլանալ նավթի գների անկմանը զուգահեռ:
Ավելի վաղ «Զենիթ» բանկի վերլուծաբան Վլադիմիր Եվստիֆեեւը հայտնել էր, որ ռուսական արժույթի թուլացման նախադրյալ են ստեղծում արտահանման եկամտի հարկային վճարումների կրճատումը եւ աշխարհաքաղաքական բացասական ազդանշանները:
Ըստ վերլուծաբանի այսօրվա կանխատեսման, որը մեջբերում է «Փրայմը», այս շաբաթ ռուբլին, հավանաբար, կշարունակի կորցնել դիրքերը՝ հումքի հարթակների կողմից գործադրվող ճնշումներին զուգահեռ: Սակայն, ըստ նրա, ռուբլու իրացվելիության ուղղությամբ բանկերին տրամադրվող ԿԲ-ի գործողությունները, այնուամենայնիվ, կարող են օգնել հաղթահարել տեղային շուկայում բարձր լարվածությունը
«Արժեզրկման սպասելիքներն աճում են, իսկ ռուսական արժույթին, տեխնիկականից բացի, այլ պատճառներ չեն մնում թուլացումը կանգնեցնելու համար», – նշում է նա:




























