Ռուս գիտնականները ահազանգում են. Ռուսաստանում բնակչության 1%-ը վարակված է ՁԻԱՀ-ով:
Սոցիալական առողջության նախարարության վիրուսագիտության գիտահետազոտական ինստիտուտի իմունոքիմիայի եւ մարդու իմունային անբավարարության մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի ղեկավար Էդուարդ Քարամովը սարսափելի վիճակագրություն է հայտնում:
«ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Դաշնային կենտրոնի տվյալներով, Ռուսաստանում հաշվվում է 880 հազար ՄԻԱՎ վարակակիր: Իրականում այդ թիվը 2-3 անգամ ավելի մեծ է, եւ կազմում է 1.5-2 մլն մարդ: Իսկ դա երկրի ընդհանուր բնակչության 1%-ից ավելին է», - հայտարարում է մասնագետը:
Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում, նույնիսկ աֆրիկյան երկրներում, ՁԻԱՀ համաճարակի անկում է գրանցվում, Ռուսաստանում այն նոր թափ է հավաքում, հայտնում է Informing-ը:
«Մենք աղետի շեմին ենք, սա նշանակում է, որ մենք չենք հաղթահարել այն եւ այդ վարակը կանխել այլեւս չենք կարող: Ամեն տարի պաշտոնապես մահանում է 22 հազար մարդ», - հայտարարել է Քարամովը:
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանում ՁԻԱՀ-ի խնդիրը չի կարող համեմատվել անգամ Էբոլա վիրուսի վարակի հետ: Ռուսաստանի համար Էբոլան սարսափելի չէ, քանի որ այն կարելի է կանխարգելել կարանտինային մեթոդներով, իսկ ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակը աղետալի է:




























