Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում օրերս մահացած Ռ. Գ.-Խ.-ը կոմայի մեջ է ընկել ծննդաբերությունից հետո: NEWS.am-ի հետ զրույցում Ռ.-ին ճանաչողները պատմեցին, որ նա սրտի արատ է ունեցել եւ նրան հակացուցված է եղել երեխա ունենալը:

«Հետո է պարզվել, որ սրտի արատ ունի: Երբ ծննդաբերել է, ընկել է կոմայի մեջ, 15 օր այդ վիճակում էր: Առաջին շաբաթվա ընթացքում մի օր աչքերը բացեց ու բոլորս ուրախացանք, որ հրաշք կատարվեց, Ռ.-ն փրկվեց, բայց չդիմացավ, մահացավ»,- պատմեցին Ստրասբուրգի հայկական համայնքից:

Ռ.-ը 21 տարեկան էր, նրանք Ֆրանսիայում բնակվում էին փախստականի կարգավիճակով, մշտական աշխատանք չունեին: Մեր տեղեկություններով՝ Ռ.-ի հարազատներն ապրում են Երեւանում:

Ավելի վաղ հայ-ֆրանսիական «Nouvelles d'Arménie» ամսագիրը հայտնել էր, որ օրերս Ստրասբուրգի հիվանդանոցում հայուհի է մահացել: Ըստ պարբերականի՝ երիտասարդ կինը վերջին 15 օրերին գտնվել է կոմայի մեջ, որից հետո մահացել է: