Հայաստանի գործող իշխանությունը խաղում է խորհրդարանական ուժերի հետ: Այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունները կհամաձայնվեն անցում կատարել 100%-անոց համամասնական ընտրակարգին:

«Համամասնական ընտրակարգին մեր իշխանությունները մշտապես դեմ են եղել, որովհետեւ իշխանությունը վերարտադրելու համար ընդունելի տարբերակ է ունենալ ընտրատարածքներ, օգտագործել ունեցած ամբողջ ֆինանսական միջոցները եւ իր ընտրած պատգամավորներին անցկացնել խորհրդարան: Իշխանությունն այս պահին ունի մի խնդիր` Սահմանադրական փոփոխություններն անցկացնել եւ փորձում է ստեղծել բանակցային մթնոլորտ խորհրդարանական ուժերի հետ, սակայն ինքն անում է այնպես, ինչպես ուզում է»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը Սերժ Սարգսյանին է ներկայացվել հոկտեմբերի կեսերին: Սպասվում է, որ արդեն փետրվարին նա իր դիրքորոշումը կհայտնի նախագծի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումները նախատեսում են փոփոխություններ կառավարման համակարգում: