Եվրասիական տնտեսական միության սահմաններում տնտեսական վեճերը քննվելու են ԵՏՄ դատարանում: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցելու մասին Պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Ի պատասխան, արեւմտամետ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց Ռոսսելխոզնադզորի վոլյունտարիզմի մասին, որը կարող է ցանկացած պահի արգելել ներմուծումը Մոսկվայի համար անցանկալի ցանկացած երկրից: «Հիշեցնեմ, որ Եվրասիական միությունը զուտ տնտեսական կառույց է, որտեղ գործում են տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության տնտեսական մեխանիզմներ»,- պատասխանեց Կարայանը:

Ըստ նրա, Հայաստանի իրավունքները հաշվի են առնվելու նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Յուրաքանչյուր երկիր այնտեղ 3 նախարար է պատվիրակում, հետեւաբար, Հայաստանի մուտքով հանձնաժողովի անդամների թիվը 9-ից հասնելու է 12-ի: Որոշումներ ընդունելու համար Հայաստանին առայժմ 1 ձայն է բաժին հասնում, բայց միայն մինչեւ 2016 թվականի հունվարը:

«Բանն այն է, որ Հանձնաժողովի վերակազմավորումը եւ նախարարների կոնկրետ լիազորությունների սահմանումը Հայաստանից նվազագույնը 6-7 ամիս կպահանջի: Իսկ 2016 թվականին, այսպես թե այնպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկա կաբինետի լիազորությունների ժամկետը լրանում է: Ավելի լավ է այդ ժամանակ էլ վերակազմավորում կատարել»,- պարզաբանեց Կարայանը:

Նա նաեւ ընդգծեց, որ երկրներից գոնե մեկի շահերին զգալիորեն առնչվող որոշումներն ընդունվելու են կոնսենսուսով, եւ նույնիսկ Հայաստանի մեկ ձայնն այստեղ բավարար կլինի: