Մոսկվայի բորսայում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դոլարի ու եվրոյի փոխարժեքները թռիչքաձեւ են փոխվել: Սկզբում դոլարի արժեքը նվազել է մինչեւ 53,50 ռուբլի, ինչը 36 կոպեկով ավելի ցածր էր նախորդ աճուրդային օրվա փակման մակարդակից:

Եվրոն նույնպես էժանացել էր մինչեւ 66,29 ռուբլի, ինչը 36 կոպեկով զիջում էր նախորդ օրվա մակարդակին: Երեկվա աճուրդային օրվա փակման պահին եվրոն արժեքը կազմել է 66,65 ռուբլի:

Սակայն շուտով ռուբլու արժեքը կրկին սկսել է նվազել. Մոսկվայի ժամանակով 10:10-ին դոլարն արժեցել է 54,26 ռուբլի, եվրոն՝ 67,00 ռուբլի:

10:30-ի դրությամբ դոլարի առավելագույն արժեքը հասել է մինչեւ 54,33 ռուբլու, իսկ եվրոյինը՝ 67,12, հայտնում է RBK-ն:

54 ռուբլու ռեկորդային շեմը դոլարն հաղթահարել է երեկ՝ դեկտեմբերի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով 18:20-ին, իսկ միասնական եվրոպական արժույթն իր ռեկորդային 67 ռուբլու շեմը հաղթահարել է նույն օրը՝ 19:41-ին: