Նյու Յորքում աֆրոամերիկացի Էրիկ Գարների մահվան կապակցությամբ կազմակերպված բողոքի ցույցերի ընթացքում տասնյակ ամերիկացիներ են ձերբակալվել: Միայն 42-րդ փողոցում ոստիկանները ձերբակալել  են 24 մարդու:

Դեկտեմբերի 4-ին հազարավոր բնակիչներ ելել էին փողոց՝ իրավապահների գործողությունների հետ կապված իրենց դժգոհությունն արտահայտելու:

«Պառկած» ակցիա է կազմակերպվել. Ցուցարարները պառկել են ինչպես դագաղում՝ ձեռքներին ոստիկանական բռնության զոհերի ազգանունները: Ի պատասխան ոստիկանությունը հայտարարել է, որ ցույցի բոլոր մասնակիցներին կձերբակալեն:

«Միր 24»-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի ընթացքում դադարեցվել էր երթեւեկությունը Մանհեթենի եւ Բրուքլինի կամուրջներով:

Ցուցարարները նաեւ գոչել են «NYPD (Նյու Յորքի ոստիկանություն)՝ (Կու-Կլուկս-կլան), քանի՞ երեխա ես սպանել այսօր»:

Հիշեցնենք, հուլիսին Էրիկ Գարներին ձերբակալելիս ոստիկանը խեղդող հնարք էր գործադրել, որն արդեն 20 տարի է արգելված է  ԱՄՆ-ում: Տեղի ունեցածից քիչ հետո ասթմայով հիվանդ տղամարդը վախճանվել էր: Աֆրոամերիկացուն ձերբակալելու ընթացքը նկարահանել էին անցորդները: Ոստիկանին արդարացնելուց հետո Նյու Յորքի հազարավոր բնակիչներ բողոքի ցույցի էին ելել: