Հնարավոր երկրաշարժի դեպքում Երեւանի բնակելի շենքերը կարող են դիմանալ 7 բալանոց հարվածին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Երեւանի շենքերը սովետական շրջանի կառուցված շենքեր են  եւ եթե անգամ լավ կառուցված լինեն, քանի որ ամեն տարվա հսկողություն չունեն, օգտագործում են, մինչեւ շենքը ուժասպառ չի լինում։ Երեւանում վտանգավորություն ունեցող շենքերը ամրացնելու համար այդքան գումար չկա, քանի որ մոտավորապես 30 մլրդ դոլար է պետք վերականգնելու համար»,- ասաց Մկրտիչ Մինասյանը՝ ավելացնելով, որ եթե Երեւանում Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժ լինի, ապա զոհերը 10 անգամ ավելին կլինեն։

Ճարտարապետի կարծիքով, շենքերի նման խոցելի լինելու պատճառներից է նաեւ շենքերում ձեղնահարկեր եւ նկուղներ ավելացնելը։

«Բազմաթիվ ձեղնահարկերում եւ նկուղներում մարդիկ կառուցում են իրենց համար շինություններ, շատ դեպքերում անգամ տան հիմնապատն են քանդում՝ դրանով վտանգելով ոչ միայն իրենց, այլեւ հարեւանների կյանքը։ Հյուսիսային պողոտայի շենքերը նույն վիճակում են, դրանք խիտ կառուցապատված են։ Երկրաշարժի համար ամենակարեւորը հարթակներն են, մենք բոլոր հարթակներն իսպառ վերացրել ենք, եւ նման աղետների դեպքում մարդկանց չենք կարող որեւէ տեղ հավաքել»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։

Մկրտիչ Մինասյանի խոսքով, անհրաժեշտ է հատուկ նախագծեր մշակել։

«Անհրաժեշտ է ծրագիր կազմել եւ հստակ սահմանել, թե 10 տարում ինչքան շենք կարող ենք վերանորոգել։ Երկու, երեք շենք սկսել են վերանորոգել՝ հիմքերը ռետինե բարձիկների վրա դնելով, բայց դրանք մասսայական ձեւով չեն արվում»,- ասաց ճարտարապետը։