Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցելելիս ստեղծված իրավիճակից դուրս գալու ընդամենը երեք տարբերակ կունենա։ Կամ, ինչպես ինքն է սիրում արտահայտվել, նրան «կկզեցնեն», ընդ որում՝ ամբողջությամբ, կամ նա կկանգնի ընդդիմադիր դիրքում և կասի «ոչ», ինչից հետո նրան հանգիստ կթողնեն, բայց արդեն «կկզեցնեն» նրա գլխավորած երկիրը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը։
Սակայն, փորձագետի կարծիքով, կա նաև երրորդ տարբերակը, որը 1 մլրդ եվրո գտնելն է։
«Չգիտեմ՝ ով է պատրաստ նրան տալ այդ գումարը։ Գուցե Թուրքիան տա, գուցե Եվրամիությունը։ Չգիտեմ, թե որտեղից նա կարող է հայթայթել այդ գումարը։ Բայց եթե, այնուամենայնիվ, նա գտնի այն, ապա միանգամայն կարող է Պուտինին ասել. «Գնա գրողի ծոցը։ Ես չեմ պատրաստվում քո առաջ հաշվետու լինել»»,- ասել է Բադալյանը՝ շտապելով հիշեցնել, որ այդ 1 մլրդ եվրոն կկարողանա խնդիրը լուծել միայն մեկ տարով։
«Հետո ամեն ինչ նորից կսկսվի»,- նշել է քաղտեխնոլոգը։





























