Կինոռեժիսոր Էլդար Ռյազանովին, որին նոյեմբերի 24-ին տեղափոխել էին Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ախտորոշմամբ, ընդհանուր հիվանդասենյակից կրկին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, քանի որ նրա վիճակը վատթարացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքի բժշկական շրջանակների իր աղբյուրը:

«Էլդար Ռյազանովի վիճակը անընդհատ փոփոխվում է, մեկ լավ է զգում, մեկ՝ վատ: Դեկտեմբերի 5-ին նրան տեղափոխել էին ընդհանուր հիվանդասենյակ, բայց այսօր վերադարձրել են վերակենդանացման բաժանմունք: Հնարավոր է, կրկին նոպա է ունեցել: Բժիշկները անում են հնարավորը, որպեսզի օգնեն ռեժիսորին»,-ասել է աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ չնայած բուժման բարդությանը, Ռյազանովի մոտ առաջընթաց է նկատվում, արդեն փաստացի վերականգնվել է ձեռքերը շարժելու ունակությունը եւ խոսքը: «Սկզբունքորեն արդեն խոսում է, ձեռքը շարժվում է»,-ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին լրացել է Ռյազանովի 87-ամյակը, իսկ արդեն նոյեմբերի 24-ին նա տեղափոխվել է հիվանդանոց՝ ստուգման: