Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում անցկացվում է 2014 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը: Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավի ձեռքից մրցանակակիրները դիպլոմներ եւ մեդալներ կստանան: Յուրաքանչյուր անվանակարգում դրամական պարգեւն այս տարի կազմել է 8 մլն կրոն (1 մլն դոլար):

Ավանդույթի համաձայն, համերգասրահը զարդարված է իտալական Սան Ռեմո քաղաքի իշխանությունների ուղարկած ծաղիկներով, որտեղ կյանքի վերջին տարիներն է անցկացրել եւ 1896 թվականի դեկտեմբերի 10-ին վախճանվել Ալֆրեդ Նոբելը: Ֆլորիստները շուրջ 20 հազար ծաղիկ են օգտագործել, այդ թվում՝ վարդեր, մեխակներ, քրիզանթեմներ, մշտադալար բույսերի տերեւներ եւ այլն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, մրցանակաբաշխության արարողությունից հետո հյուրերի մեծ մասը կուղղվի Ստոքհոլմի քաղաքապետարան, որտեղ Մոսկվայի ժամանակով 21:00-ին Երկնագույն սրահում ավանդական Նոբելյան ճաշկերույթը կլինի: Ճաշացանկը գաղտնի է պահվում. այն կհրապարակվի միայն բոլոր հյուրերի ժամանումից հետո:

Հիշեցնենք, որ գրականության մրցանակն այս տարի ստացել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն: Ֆիզիոլոգիայի կամ բժշկության մրցանակակիրներ են դարձել Լոնդոնում աշխատող ամերիկացի Ջոն Օքիֆը եւ Նորվեգիայից ամուսիններ Մայ-Բրիթ եւ Էդվարդ Մոզերները:

Մրցանակներ են ստացել նաեւ երեք ֆիզիկոսներ. ճապոնացիներ Իսամու Ակասակին եւ Հիրոսի Ամանոտը եւ ԱՄՆ-ից նրանց գործընկեր Սյուձի Նակամուրան: Քիմիայի մրցանակը ստացել են Էրիկ Բեթցիգը՝ ԱՄՆ-ից եւ Ուիլյամ Մորներն ու Ստեֆան Հելլը՝ Գերմանիայից: Տնտեսագիտության մրցանակին արժանացել է ֆրանսիացի Ժան Տիրոլը: