Նախագահ մեկը հրապարակավ «կլիզմայից» էր խոսում, մյուսը՝ «ոչխարներiց» ու «թքելուց», այդ դեպքում մի՞թե օրինաչափ չէ, որ պատգամավորն էլ խոսի «պորտից ներքևից», փոխոստիկանապետը՝ «շան թուլաներից» և այսպես շարունակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Նա պատասխանել է մեր մի քանի հարցերին:

Ինչպե˚ս եք գնահատում վերջին օրերին արձանագրված հարձակման եւ ծեծի դեպքերը, սկզբից թիրախը ազատամարտիկներն էին, հետո՝ ՀԱԿ անդամները:

Հարձակումերն ու հրդեհումները, ծեծերն ու չբացահայտված սպանությունները, ցավոք, երիտասարդ Հայաստանի մշտական ուղեկիցներն են՝ պետականության ծննդյան պահից: Դրանց դինամիկան է ընդամենը պահերի մեջ փոփոխվում: Եվ դա մի կողմից ուղիղ համեմատական է մեր պետականավարման մշակույթին, մյուս կողմից՝ մետրոպոլիայի ուժային կենտրոններից իջեցված պատվերներին:

Արդյոք այս բոլոր դեպքերը կապված են իրար հետ, ո˚վ է կանգնած այս ամենի ետեւում:

Եթե անգամ այս դեպքերը պատվիրատուի մասով կապված էլ չլինեն, մի բան պարզ է՝ դրանք կապված են ներքին տրամաբանությամբ: Իսկ այդ տրամաբանությունն այն է, որ արտաքին խիստ որոշակի ուժերի և իրենց տեղային դրածոների համար այսօր նպաստավոր է քաոտիկ վիճակ ստեղծել հարավկովկասյան մեր հանրապետությունում:

ՀԱԿ-ը հայտարարում է, որ այդ ամենի թիկունքում իշխանություններն են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իսկապես սա ամենաբարձր ատյանների հրահա˚նգ է, թե˚ միջին օղակների ինքնագործունեություն:

Ամենևին այն կարծիքին չեմ, որ հայաստանյան իշխանությունը կամ ընդդիմությունը, առավել ևս՝ քստմնելի միջին օղակները, այսօր հնարավորություն ունեն ինքնագործունեությամբ զբաղվելու. դրանք լիազորազրկված են գրեթե մինչև վերջ. և դա է իրենց վարձքը:

Ինչպե˚ս եք գնահատում իրավապահների քայլերը, որքանո˚վ էին դրանք համարժեք, արդյոք կբացահայտվե˚ն այս դեպքերը:

Իրավապահ համակարգն ավելին չի կարող լինել, քան երկրի բարձրագույն իշխանությունը: Որպեսզի որևէ մեկին հանիրավի նեղացրած չլինեմ, օրինակը բերեմ անձամբ ինձ վրա: 1994 թ. դեկտեմբերի 10-ին հրդեհեցին իմ խմբագրած «Շրջան» թերթի խմբագրատունը. ցայսօր կատարողներն ու պատվիրատուները բացահայտված չեն: 1997 թ. մարտին իմ խմբագրած «Երևանյան օրեր» թերթում ինձ այնպիսի ծեծի ենթարկեցին, որ 14 օր հիվանդանոցում էի. ցայսօր կատարողներն ու պատվիրատուները բացահայտված չեն: Կարծում եմ՝ այս շարքն իրենց մասով կարող են լրացնել շնորհալի խմբագիր պարոն Արամ Աբրահամյանից մինչև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ պարոն Աշոտ Մանուչարյան:

Ինչպե˚ս եք գնահատում ոստիկանապետի արտահայտությունը, որը ազատամարտիկներին ասում է «իրար մի լափեք թերթերում»: Որքանո˚վ է էթիկայի մեջ տեղավորվում այս արտահայտությունը:

Ափսոս, ներկա Հայաստանում հետևողականորեն ջախջախված է գրքի, թերթի, ընդհանրապես հոգևորի ու մտավորի հարգը: Ցավում եմ, որ պարոն ոստիկանապետը լափելու վայր է ընկալում թերթը. իսկ լափողների մասով ոչինչ ասել չեմ կարող, ոստիկանապետը գուցե ավելի լավ է ճանաչում: Ի՞նչ արած, սա՛ է մեր մշակութաբանական աստիճանն այսօր: Նախագահ մեկը հրապարակավ «կլիզմայից» էր խոսում, մյուսը՝ «ոչխարներից» ու «թքելուց», այդ դեպքում մի՞թե օրինաչափ չէ, որ պատգամավորն էլ խոսի «պորտից ներքևից», փոխոստիկանապետը՝ «շան թուլաներից» և այսպես շարունակ: Ես ամաչում եմ, բայց ո՛չ իրենց համար. այդպիսիք կան բոլոր հասարակություններում, պարզապես այնտեղ դրանք հասարակության առաջնորդներ ու պետության ղեկավարներ չեն: Ես ամաչում եմ, որ օրեցօր զրկվում եմ հայ ժողովրդի՝ մշակութակիր ազգ լինելու մասին բարձրաձայնելու բարոյական իրավունքից: Ես ամաչում եմ, որ հանդուրժում եմ այս ամենը: Նրանցից առաջ՝ ե՛ս եմ մեղավոր:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը