«Ֆասթ ֆուդը» վնասակար է երեխայի ուղեղի համար, ցույց են տվել Օհայոյի համալսարանի աշխատակիցների ուսումնասիրությունները:
Գիտնականները պարզել են, որ «ֆասթ ֆուդը» չարաշահող երեխաները մաթեմատիկայի, բնական գիտությունների եւ ընթերցանության թեստերն ավելի վատ են կատարել: Եզրակացությունները հիմնված են 8,5 հազար դպրոցականների շրջանում անցկացված հետազոտության վրա, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Հիպոթեզներից մեկի համաձայն՝ երկաթի անբավարարությունը, որը կապված է նման սննդակարգի հետ, հանգեցնում է գլխուղեղում որոշակի գործընթացների դանդաղեցմանը:
Մեկ այլ տեսության համաձայն՝ մեծ քանակությամբ ճարպերով եւ շաքարով սնունդը վնասում է ուսումնական գործընթացին:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ամեն օր «ֆասթ ֆուդով» սնվող երեխաները միջինը 79 միավոր են հավաքել բնական գիտություններից՝ «ֆասթ ֆուդով» չսնվողների 83 միավորի դիմաց: Նույն արդյունքն է եղել նաեւ մյուս առարկաներից թեստերի պարագայում:




























