Րաֆֆի Հովհաննիսյանը ուրիշներին գնահատականներ տալուց առաջ՝ լավ կլիներ, որ նախ ինքն իրեն գնահատական տար: Այս մասին քիչ առաջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգությունից» մոտ մեկ տարի առաջ հեռացած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով այսօր՝ հուլիսի 10-ին «Ժառանգության» համագումարում կուսակցութան առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականներին, թե «ոմանք, որ դուրս եկան «Ժառանգությունից», իրենց վարկով, արտահայտություններով ու գործունեությամբ փաստեցին, որ իրենց սրտերն ու նվիրումները վաղուց է, ինչ «Ժառանգության» հետ չեն»: «Նման հայտարարությունը երեւույթի արտաքին ընկալման հետեւանք է: Կուսակցությունից հեռացվածներիս սրտի ու նվիրական ցանկությունը ողջ ընդդիմադիր դաշտը միավորված տեսնելն էր: Եւ եթե այսքանից հետո մարդուն մեղադրում են այլ նվիրումներ ունենալու մեջ՝ առնվազն կարճատեսություն է, իսկ քաղաքական գործիչը իրավունք չունի չտեսնել այն, ինչ տեսանելի է ու զգայական»: Զոյա Թադեւոսյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ մաղձ ու խանդ է տեսնում՝ հավելելով, որ քաղաքական դաշտում մաղձն ու խանդը վաղուց պետք է բացառված լինեին: «Այդ դեպքում միայն մենք կունենայինք միացյալ ընդդիմություն, եւ ընդդիմության հասցեին այսօր չէին հնչի նման գնահատականներ»,-նշեց «Ժառանգության» նախկին անդամը: Նա նաեւ հարց ուղղեց. «Եթե «Ժառանգության» առաջնորդները հայտարարում են, որ ընդդիմությունը սխալվեց, պարտվեց, ապա թող նշեն՝ իրենք ընդդիմությո՞ւն են, թե այլ ուժ: Եթե ընդդիմություն են, ուրեմն իրենք էլ են սխալվել, ուրեմն իրենք էլ են պարտվել: Եթե դու հայտարարում ես, որ ուզում ես տեսնել միացյալ ընդդիմություն, սակայն ոչ մի գործուն քայլ չես անում այդ ուղղությամբ, դա զուտ ձեւական խոսակցություն է, ինչը ես համարում եմ երեսպաշտություն»,-նշեց Թադեւոսյանը:
Նա նաեւ անդրադարձավ համագումարում առաջադրված իշխանափոխության պահանջին՝ նշելով. «Ինչպե՞ս է պատրաստվում «Ժառանգությունը» 40 հոգով իշխանափոխություն իրականացնել: Պետք է առաջնորդել ժողովրդին ու համոզել, որ իշխանափոխությունն անհրաժեշտություն է, եւ ինչքան ժողովուրդը միասնական տեսնի իր քաղաքական գործիչներին, այնքան հավատով կլցվի դեպի այդ գործիչների ծրագրերը: Դա անգամ մանկամիտների համար է պարզ: Չի կարելի անընդհատ խոսել սեփական կուսակցության սկզբունքների, որդեգրած արժեքների մասին: Արժեքը մեկն է՝ փրկել հայրենիքը: Գնահատականների ժամանակը չի, աշխատելու ժամանակն է»:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա համագումարում հայտարարել էր նաեւ, թե այն մարդիկ, ովքեր դուրս են եկել «Ժառանգությունից» եւ իրենց պահել են կոռեկտ, կարող են գրավոր դիմել նորընտիր վարչությանը՝ կուսակցությունում իրենց գործունեությունը շարունակելու նպատակով»: Ի պատասխան Հովհաննիսյանի առաջարկի՝ Թադեւոսյանն ասաց, որ դեռ վիճելի է, թե ով է կոռեկտ եղել, «Ժառանգությունից» դուրս եկածնե՞րը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ հավելեց. «Որեւէ մեկը վերադառնալու ցանկություն չունի: Կա «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություն, մարդիկ այդտեղ աշխատում են, որպեսզի ժողովրդին համախմբեն»:
«Ժառանգության» նախկին անդամն ասաց նաեւ, որ ինքը շատ լավ գիտի «Ժառանգության» ներքին խոհանոցը, թե ով՝ ով է, սակայն կոռեկտությունից ելնելով՝ չի ուզում շատ փակագծեր բացել: Իսկ այսօր՝ հուլիսի 10-ին տեղի ունեցած համագումարը անվանեց շոու, բեմականացում:
Հիշեցնենք, որ 2009 թվականի աշնանը «Ժառանգությունը» պառակտվեց եւ կուսակցության անդամներից մի քանիսը դուրս եկան:




























