Արդեն երրորդ անգամ թեմերի, կիրակնօրյա դպրոցների, երիտասարդական շարժումների և Կիլիկիո Կաթողիկոսության էկումենիկ անձնակազմի ավելի քան 80 ներկայացուցիչներ հանդիպում են Բիկֆայա (Լիբանան) քաղաքում օգոստոսի 10-17-ը տեղի ունեցող սեմինարի շրջանակներում։ Սեմինարի ծրագիրը ներառում է Աստվածաշնչի, Հայկական եկեղեցու ու նրա ավանդույթների, պատարագների ու պատմության, էկումենիզմի ու միջկրոնական երկխոսության ուսումնասիրություն։
Յուրաքանչյուր օրվա վերջում Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Հունաստանի, Իրանի ու Հյուսիսային Ամերիկայի եկեղեցիների ներկայացուցիչները կիսվում են վերոհիշյալ թեմաների վերաբերյալ իրենց փորձով ու տպավորություններով։
Օգոստոսի 11-ին հանդիպումը սկսվել է Սբ. Մարիամ մատուռում կատարված առավոտյան աղոթքով, որից հետո Էկումենիկ հարաբերությունների գրասենյակի ղեկավար եպիսկոպոս Նարեկ Ալեմեզյանը շնորհակալություն է հայտնել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ սեմինարի կազմակերպմանն աջակցելու ու ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար։ Իսկ Նորին սրբություն Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը օրհնել է բոլոր ներկաներին և ընդգծել, որ սեմինարի նպատակը ոչ միայն տեղեկություն ստանալն է, այլև՝ շփվել սովորելը, փորձի փոխանակումը, լսելու ունակությունը, սեմինարներին մասնակցելն ու էկումենիկ գաղափարներին աջակցելը։ Նա հավելել է, որ «մենք բոլորս ուսանողներ ենք, որոնք մշտապես սովորում են, քանզի մեր հասարակությունը և մեզ շրջապատող աշխարհը մշտապես փոփոխվում են»։




























