Հատուկ քննչական ծառայությունը դեռ աշխատում է Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման ուղղությամբ, բայց որեւէ լուրջ բան, որ արժանի կլիներ հրապարակվելու, դեռ չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանը: Ավելին, Սարդարյանը նշեց, որ 5 ամիս առաջ կատարված աղաղակող սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում որեւէ ձերբակալված չկա:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք իրեն չի մտահոգում, որ լայն հնչեղություն ստացած այդ սպանության համար որեւէ մեկն առա այսօր չի ձերբակալվել, Հեկտոր Սարդարյանը նշեց. «Պատահում է, որ 4-5 տարի էլ է անցնում, բայց որեւէ մեկը չի ձերբակալվում: Լինում է եւ այդպես»:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով սպանվել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանը: Շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել էր, որ Մհերյանը մահացել է գլխին եւ մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել էին Մհերյանի գլխին, մեկը` մարմնին:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածով` սպանություն: Սպանությունից անմիջապես հետո բազմաթիվ վարկածներ սկսեցին շրջանառվել՝ քաղաքականից մինչեւ կենցաղային: Ի դեպ, սպանությունից չորս ամիս անց մամուլը տեղեկատվություն տարածեց, որ ձերբակալվել են երկու հոգի, որոնցից մեկը՝ ոստիկանության ակադեմիայի դասախոս: Եւ սպանությունն իբր կատարել էին կենցաղային հողի վրա, բայց ՀՔԾ-ն օրեր անց ուշացումով հերքեց մամուլի տարածած տեղեկատվությունը: