Օգոստոսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարսելա Նիկոդեմոսին:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ Երեւանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, եւ հույս հայտնել, որ դեսպան Նիկոդեմոսի պաշտոնավարության ժամանակաշրջանում երկկողմ համագործակցությունը կզարգանա եւ կխորանա` ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ չկան քաղաքական տարաձայնություններ եւ ՄԱԿ-ում քննարկվող միջազգային հանրության օրախնդիր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները համահունչ են: Զրուցակիցները նաեւ քննարկեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումներն աշխուժացնելու հեռանկարները:




























