Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը գերակա խնդիր է նաեւ ԼՂՀ համար, սակայն դա չի նշանակում, որ ԼՂՀ-ն համաձայն է ցանկացած գնով կարգավորման` այն էլ անկանխատեսելի հետեւանքներով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը:

Ղարաբաղցի պաշտոնյան, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի պնդումը, թե ԼՂ «բնակչության» կարծիքը, նրա մտավախությունները արտացոլվում են բանակցային գործընթացում, նշել է. «Մենք կողջունեինք այդ փաստը եւ այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել միջնորդներին, որ ԼՂՀ ժողովուրդը արտահայտել է իր կամքը 1991թ. դեկտեմբերի 10-ին` անկախության եւ 2006թ. դեկտեմբերի 10-ին` ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեների ժամանակ: Մենք երախտապարտ կլինենք միջնորդներին, եթե հանրաքվեների ժամանակ ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքը լրիվությամբ արտացոլվի բանակցային գործընթացում»:

Անդրադառնալով համանախագահի մեկ այլ հայտարարությանը, «ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ հակառակ դեպքում կբարդանա հանրապետության տնտեսական զարգացումը, ինչն իր հերթին խնդիրներ կստեղծի ժողովրդավարական բարեփոխումների անցկացման հարցում», Մարսել Պետրոսյանը նշել է. «Առաջին հերթին կցանկանայի նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը գերակա խնդիր է նաեւ ԼՂՀ համար: Սակայն դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ցանկացած գնով կարգավորման` այն էլ անկանխատեսելի հետեւանքներով: Մեզ համար կարգավորումը ամուր եւ երկարատեւ խաղաղության հաստատումն է, ինչին հնարավոր է հասնել միայն փաստացի իրադրությունները հաշվի առնելով: Սակայն պարոն Բրայզայի մոտ կարգավորման խնդիրը շաղկապված է տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումների հարցերի հետ: Այս հարցերի շաղկապումը միասնական „փաթեթի“ մեջ ավելի շուտ առեւտուր եւ ցանկացած գնով համաձայնություն պարտադրելու փորձ է հիշեցնում»:

Մարսել Պետրոսյանի կարծիքով, ցավոք վերջերս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագացման միտում է նկատվում` ինչպես հակամարտության էությունը, պատմությունը, այնպես էլ ներկայիս իրողությունները անտեսող բանաձեւի հիման վրա: «Բանակցային գործընթացի չհիմնավորված արագացումը բացասական հետեւանքներ կունենա եւ միայն կհանգեցնի լարվածության ուժեղացմանը, քանի որ միջնորդների առաջարկած բանաձեւը ուղղված է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հիմքում ընկած՝ ուժերի հավասարակշռության փոփոխությանը»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը: