«Դիլիջան» Միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները նամակ են հղել Հանրային խորհրդին, որտեղ ափսոսանքով հայտնել են, թե ամենայն հավանականությամբ դպրոցը Հայաստանում չի ստեղծվի «Լեզվի մասին» օրենքի դեմ բուռն հակազդեցության հետեւանքով:

«Ցավոք, այսօր ստիպված ենք խոստովանել, որ հանգամանքների բերումով՝ Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձեւավորվել մեր նախագծի հանդեպ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու ՀՀ կառավարության առաջարկից հետո ի հայտ եկած վրդովմունքի ալիքը բացասական վերաբերմունք է առաջացրել դասավանդումն օտար լեզուներով իրականացվելիք դպրոցների հանդեպ: Դժգոհությունների այդ ալիքը  հանգեցրեց այն բանին, որ ՀՀ նախագահի կողմից խորհրդանշական «գիտությունների ծառի» տնկման հանդիսավոր արարողությունից հետո բազում դրական արձագանքներ ստացած «Դիլիջան» միջազգային դպրոցի նախագիծը հայտնվեց հասարակական անբարենպաստ կարծիքի ստվերում»,- նշել են դպրոցի նախաձեռնողներն ու արձանագրել, որ չհասցնելով սկսվել եւ կայանալ` նախագիծը ընդդիմություն է ձեռք բերել:

Պետք է նշենք, որ «Դիլիջան» նախագծի շուրջ բացասական ֆոնի պատճառ դարձած օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ չէին նախագծի հաջող իրականացման համար:

«Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում»,- նշել են նամակի հեղինակները:

Նշենք, որ ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է` առանց պետական որեւէ ֆինանսավորման: Նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 60 մլն ԱՄՆ դոլարը: Այս գումարը չի ներառում անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաների համար նախատեսված աջակցության միջոցները:

«Դիլիջան» դպրոցը տարբեր երկրների երեխաների համար նախատեսված միջազգային մակարդակի պանսիոն դպրոց է: Նախատեսվում էր, որ 2020թ. դպրոցում կսովորեն 13-18 տարեկան շուրջ 600 երեխաներ, որոնցից մոտ 200-ը կլինեն Հայաստանի քաղաքացիներ: Նշենք, որ հայաստանցի երեխաների շուրջ 80 տոկոսը կսովորեն անվճար հիմունքներով` բարեգործական կազմակերպությունների եւ մասնավոր անձանց կողմից հատկացված կրթաթոշակներով: «Դիլիջան» դպրոցում դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվով: