Այսօր կառավարության նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել իր այն որոշման մեջ, որով հաստատվել էին հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) շահագործման կանոնները։ Ուժը կորցրած են ճանաչվել մի շարք դրույթներ, որոնց համաձայն՝ հարկ վճարողները հարկային տեսչություն պետք է ներկայացնեին ՀԴՄ սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ պայմանագրերը։
Ըստ պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանի՝ այդ որոշմամբ իրենք մեղմացնում են ՀԴՄ-ների շահագործման պայմանները։ Նախկին կարգով՝ տնտեսվարողները պարտավոր էին պայմանագիր կնքել համապատասխան ծառայության հետ, որով վերջինս պարտավորվում էր սահմանված ժամկետում վերանորոգումներ կատարել։ Հիմա այդ պարտադիր պայմանը հանվել է, քանի որ, ըստ Քոչարյանի՝ տնտեսվարողները բավականաչափ ծանոթ են ՀԴՄ-ներին եւ կարող են ինքնուրույն վերանորոգել։




























