Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել ավելացնել Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եւ Հայաստանի հանրային ռադիոընկերություն ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալները եւ ազատել 2008թ. գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթներից ՀՀ պետբյուջե շահութաբաժինների վճարումից:
Հայրենի կառավարությունը, սակայն իր այդ որոշման մեջ չի նշում, թե հատկապես ո՞րն է Հանրային հեռուստատեսության նկատմամբ իր նման «բարյացկամ» վերաբերմունքի պատճառը, հաշվի առնելով նաեւ այն հսկայական եկամուտները, որ հանրային հեռուստատեսությունն ստանում է իր գործունեության արդյունքում:
NEWS.am-ը կառավարության մամուլի ծառայությունից փորձեց պարզել, թե ո՞րն է կառավարության նման որոշման մոտիվացիան, սակայն այդպես էլ այդ հարցի պատասխանը չստացավ: Մասնավորապես, լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին միայն, որ այդ նախաձեռնության հեղինակը ֆինանսների նախարարությունն է, եւ պետք է այնտեղից պարզել, թե ինչու են նման նախաձեռնությամբ հանդես եկել:




























