Մայր Աթոռում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հիմնադրված  Սոցիալական ծառայությունների կենտրոնը 2014թ. ընթացքում 1.5 մլն դոլար է փոխանցել Սիրայում ապրող հայերին եւ շուրջ 80 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել ավելի քան 25 000 կարիքավոր հայաստանցիների: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը:

«Կենտրոնի կարեւոր սկզբունքն է նյութական եւ հոգեւոր-բարոյական ուղղություններով աջակցել մեր ժողովրդի բոլոր շերտերին, ամենակարիքավորներին եւ ամեն օր առնվազն մեկ ընտանիքի: Սոցիալական ծառայության կենտրոնը 1.5 մլն դոլար է փոխանցել Սիրայում ապրող հայերին եւ զանազան ծրագրերի միջոցով շուրջ 80 մլն դրամի  օգնություն է ցուցաբերել Հայաստանում ապրող ավելի քան 25 000 անձի»,- ասաց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը։

Վարդապետի խոսքով՝ 2015թ. կենտրոնը նախատեսում է ընդլայնել իր բարեգործական գործունեությունը:

«2015թ. մեր կենտրոնը դրամական աջակցություն կցուցաբերի 2014թ. մարտական գործողություններից զոհված զինվորների 36 ընտանիքներին, գումար ենք հատկացնելու գրատպությանը, ինչպես նաեւ առանձնացրել ենք 200 ընտանիքի, որոնց դրամական օգնություն կտրամադրենք: Այս տարի բջջային օպերատորների հովանավորությամբ կաջակցենք նաեւ Հայաստանում ապրող հիվանդ երեխաներին»,- ասաց նա:

Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրենը նշեց, որ կենտրոնի առաջին աջակիցը եղել է «Էկլոպ Հայաստան» հիմնադրամը՝ 70 մլն դրամի ներդրումով, Արարատյան հայրապետական թեմը կենտրոնին 50 մլն դրամով է աջակցել, ինչպես նաեւ ներդրումներ են արվել անհատ անձանց եւ եկեղեցու տարբեր թեմերի կողմից: