Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում փորձել են որոշակի ազդեցություն գործել Հայոց համազգային շարժման ներսում, որ ճեղքվածք մտցնեն Հայ ազգային Կոնգրեսի եւ ՀՀՇ-ի միջեւ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարում:
«Վերջին շրջանում ՀՀՇ-ի ներսում տարատեսակ զարգացումներ եղան, խոսակցություն, որոնք բոլորն էլ չեն համաապատասխանում իրականությանը»,- ասել է Տեր-Պետրոսյանը՝ մեկնաբանելով իրավիճակը, երբ հրաժարական ներկայացրին ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Սակայն ՀՀՇ-ի ամրության շնորհիվ այդ վնասարարությունը բացահայտվեց, եւ կոնգրեսին սպառնացող վտանգն իսպառ վերացել է»,- նշել է Տեր-Պետրոսյանն ու հավելել, որ ՀՀՇ-ն այդ փորձությունից դուրս կգա ավելի հզորացած. «Ժամանակն է, որ Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ ՀԱԿ-ը Հայաստանի քաղաքական դաշտում կարեւոր գործոն է, եւ այն քայքայել հնարավոր չէ»:
ՀԱԿ առաջնորդը նշել է, որ իրենք դիմացել են տեռորին, բանտարկություններին, մարտի 1-ին, «կդիմանանք նաեւ այսպիսի ճղճիմ վնասարարություններին»:




























