Honda HR-V նոր քրոսովերը, որի ցուցադրությունը տեղի կունենա Ժնեւի ավտոսրահում, եվրոպական շուկա դուրս կգա այս տարվա ամռանը։ Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Նորույթը ունի հիանալի դինամիկա, ունիվերսալություն, ինչպես նաեւ վառելիքի տնտեսման համակարգ։ Քրոսովերը Honda-ի թարմացված մոդելների շարքի մի մասն է կազմում։
Honda Connect-ի նոր տեղեկատվական եւ ժամանցային համակարգը ունի 7 մատնաչափ սենսորային էկրան, ինչպես նաեւ ինտերնետ բրաուզերին, տարբեր տեղեկություններին եւ երաժշտության հոսքային հաղորդմանը միանալու հնարավորություն, գրում է Informing-ը։
Թարմացված քրոսովերը կառաջարկի Earth Dreams ընտանիքի շարժիչներ՝ 1.6 լիտրանոց I-DTEC, որի հզորությունը կազմում է 120 ձիաուժ կամ 1.5 լիտրանոց բենզինով I-VTEC շարժիչ 130 ձիաուժ հզորությամբ։
Անվտանգության տեխնոլոգիաները ներառում են արագությունը գերազանցելու մասին նախազգուշացման համակարգ, արտակարգ արգելակում, գծանցի եւ բախման նախազգուշացում, ճանապարհային նշանների տարբերակում եւ հեռահար լույսի ավտոմատ անցում։





























