Մոսկվայում գործող «Միաբանության» ակումբի ներկայացուցիչները հանձն են առել Մոսկվայի հայերի մեջ գտնել ՀՀՇ-ին ֆինանսավորող գործարարների: Այս մասին «բամբասանք» խորագրի ներքո գրում է «Իրավունք» թերթն իր հուլիսի 20-ի համարում: Ըստ այդմ՝ ՀՀՇ-ն ֆինանսավորող ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հեռանալուց հետո շատերին մտահոգել էր, թե ովքե՞ր իրենց վրա կվերցնեն ՀՀՇ-ի ֆինանսավորման բեռը: Ըստ ՀՀՇ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրի՝ «ՀՀՇ-ականները վստահ էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր անձնական գրպանից հաստատ ֆինանսական ներդրում անող չէ, քանի որ իշխանության գալու շանսեր չկան:
Սակայն, ըստ նույն աղբյուրի, այժմ հիմնական հույսը լինելու են Մոսկվայում գործող, այսպես կոչված, «Միաբանության» ակումբի ներկայացուցիչները, որոնց ղեկավար Սմբատ Կարախանյանը հանձն է առել Մոսկվայի հայերի մեջ գտնել ՀՀՇ-ին ֆինանսավորող գործարարների: Ի դեպ, ոմանք հենց այդ հանգամանքով են բացատրում այն, թե ինչու համագումարին Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեւերանս արեց Ռուսաստանի ուղղությամբ»,-գրում է թերթը:



























