Իր պաշտոնից հրաժարական է տվել ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանը: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նա մեկնաբանելով իր այս քայլն ասաց. «Որովհետեւ գտնում եմ, որ ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավարը պետք է լինի ՀՀՇ վարչության անդամներից, իսկ ես կուսակցության համագումարում իմ թեկնածությունը չառաջադրեցի վարչության կազմում ընդգրկվելու կամ չընդգրկվելու համար»:
Հարցին, թե ինչո՞ւ չի առաջադրվել վարչության անդամ, հաշվի առնելով, որ մինչ այժմ նա ՀՀՇ վարչության անդամ է եղել, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ քաղաքական գործունեություն ծավալելու համար պարտադիր չէ լինել վարչության անդամ: Ես շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունը եւ կարծում եմ, որ իմ թեկնածությունը կառաջադրեմ ՀՀՇ 18-րդ համագումարում»:
Նա դժվարացավ նշել, թե ով պետք է փոխարինի իրեն լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնում: «Դեռ չեմ կարող ասել: Ամենայն հավանականությամբ ՀՀՇ վարչությունն իր առաջիկա նիստերից մեկում կանդրադառնա այս խնդրին»,- ընդգծեց Կ. Կարապետյանն ու հավելեց. «Պարտադիր չէ, որ լրատվական ծառայության նոր ղեկավարը լինի վարչության անդամ: Դա իմ սեփական մոտեցումն է, որ ճիշտ կլինի, որ լրատվական ծառայության ղեկավարը լինի վարչության անդամներից»:
Ինչ վերաբերում է ՀՀՇ կազմից Կարապետ Ռուբինյանի դուրս գալու փաստին, ինչպես նաեւ վերջինիս այն պնդմանը, թե ՀՀՇ համագումարում ընտրությունները կեղծվել են, Կարեն Կարապետյանն ասաց. «Չէի ցանկանա այդ մասին խոսել»:




























