«Շարժում-96» կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանն իր տարակուսանքն է հայտնում, որ «Սերժ  Սարգսյանը  ԲՀԿ-ի՝ օրենքին հակասող  «անվճար  բուժօգնության»  կանխման փոխարեն, իր հանրապետականներին է լծել այդ գործին»: Խոսքը վերաբերում է նրան, որ հուլիսի 16-ին Արմավիրի մարզի շրջակա քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգաբնակչության համար անցկացվել է անվճար բուժօգնություն, որը նախաձեռնել է ՀՀԿ-ի մարզային ծրագրերի համակարգման հանձնաժողովը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Ծրագրի շրջանակներում սպասարկվել են շուրջ 620 հոգի: Ծրագիրը մեկնարկել է 2010թ. հունիսի 30-ից եւ նվիրված է ՀՀԿ 20-ամյակին:  Այս կապակցությամբ Ռուբեն Թորոսյանը նշում է.

«Պետական  պաշտոն   զբաղեցնող  կուսակցության  անդամը  (Կարեն Կարապետյանը) իրավունք  չունի  իր  ծառայողական  (պաշտոնեական)  դիրքն  օգտագործել  հօգուտ  կուսակցական  շահերի («Կուսակցությունների  մասին»  ՀՀ  օրենքի  10-րդ հոդված): Կուսակցությունը  (ՀՀԿ)   բարեգործական  կազմակերպություն  չէ («Բարեգործության մասին» ՀՀ  օրենքի  11-րդ հոդված)  կամ  չի  կարող բարեգործական  գործունեություն  իրականացնել  («Կուսակցությունների  մասին»  ՀՀ  օրենքի  3-րդ հոդված): Ամեն  ծախս  չէ, որ  բարեգործական  է  համարվում  («Բարեգործության մասին» ՀՀ  օրենքի  14-րդ հոդված):

Եթե  Ս. Սարգսյանին սա այլեւս չի զարմացնում, ապա դժվար է հասկանալ  հարկատուներիս միջոցները վատնող ՀՀ  նախագահի  աշխատակազմի  քաղծառայողների «եվրոպականացված»  բանակի  լռությունը  կամ մասնակցությունը  ՀՀ  օրենսդրության  բացահայտ  խախտումներին: Հավանաբար, այստեղ իր դերն է խաղում  նաեւ  անողնաշար  ԵԽԽՎ-ն՝  իր  չկատարվող որոշումներով»: