Նորաձեւությունը միայն մարմինը նորաձեւ հագուստով ծածկելու արհեստ չէ, նորաձեւությունը մարմինը ճիշտ հագուստով զարդարելու արվեստ է՝ հայտնի մոդելավորողներից մեկի խոսքն է: Համոզվելու համար, թե արդյո՞ք նորաձեւության այդ սկզբունքին հետեւում են նաեւ Հայաստանում, եւ մայրաքաղաքում՝ մասնավորապես։ Բավական է միայն մի քանի պտույտ տալ մայրաքաղաքի փողոցներում ու զմայլվել կամ հիասթափվել մարմինը հագուստով ծածկած կամ զարդարած մարդկանցով: Մասնագետները ցավով են նշում, որ առաջինները՝ մարմինը ծածկողները ավելի շատ են, եւ դրան տարբեր բացատրություններ են տալիս՝ սկսելով սոցիալական ստատուսից, կրթությունից ու դաստիրարակությունից՝ վերջացրած մարմնի անհամաչափ կառուցվածքով ու ճաշակի բացակայությամբ: Շատերն էլ երեւույթը բացատրում են նորաձեւության շուկայի բացակայությամբ՝ ինչ առաջարկում են տոնավաճառներն ու մեկ-երկու խանութը, դա էլ ստիպված գնում ու կրում են մարդիկ: Արդյո՞ք Հայաստանում կան նորաձեւության տներ, որոնք կարող են առաջարկել տոնավաճառներում առաջարկվող ոչ այնքան որակյալ հագուստից տարբերվող հագուստ, որը նաեւ մատչելի կլինի:
Պարզվում է՝ կան, եւ դրանք քիչ չեն: Դրանցից մեկի՝«Ատէքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց, որ իրենց կենտրոնի հագուստները բավական մատչելի են, նույնիսկ շատ մատչելի այն աշխատանքի ու ջանքերի համեմատ, որը կենտրոնի մասնագետները ներդնում են տվյալ հագուստը կարելիս: «Հայաստանում ձեւավորված չէ մասնագետի հետ աշխատելու կուլտուրա: Բոլորը կարծում են, թե գիտեն՝ իրենց ինչ է պետք, եւ շատ ջանքեր ենք թափում, որ նրանց սկզբնական կարծիքը շեղենք ու առաջարկենք այն, ինչ իրենց մարմնի կառուցվածքին, գունային տիպին է սազում»,-ասաց Դնոյանը՝ հավելելով. «Մեզ մոտ զգեստն արժե 20-25 հազար դրամ, եւ հաճախորդները հաճախ արձագանքում են՝ ասելով, ի՜նչ է, ընդամենը երկու-երեք կար է: Այդ 20-25 հազար դրամը շատ քիչ է այն աշխատանքի դիմաց, որը մենք անում ենք: Ուղղակի Հայաստանում դեռեւս չեն հասկանում, որ կա ստիլիստի, դիզայների աշխատանք, եւ նոր միայն կարողի աշխատանքը, որը միայն կարերն է դնում արդեն պրոֆեսիոնալների կողմից մտահղացված հագուստի վրա»:
Մասնագետը նշեց նաեւ, որ իրենց նորաձեւության կենտրոնին են դիմում հիմնականում այն հաճախորդները, մասնավորապես 30 տարեկանից բարձր կանայք, ովքեր իրենց հարմար հագուստ չեն կարողանում գտնել խանութներում: «Հագուստի շուկայում հիմնականում գերակշռում է երիտասարդական հագուստը, այդ պատճառով կայացած կանայք դժվարությամբ են կարողանում իրենց հարմար հագուստ գտնել: Այդ պատճառով էլ մեզ դիմողների մեջ մեծ տոկոս են կազմում հենց այդ տարիքի կանայք, բացի այդ՝ այն կանայք, ովքեր կառուցվածքի հետ կապված խնդիրներ ունեն, ովքեր որպես կանոն սխալ են հագնվում: Չգիտես ինչ կարծրատիպերի թելադրանով՝ նրանք ցանկանում են հագնել մարմինն ընդգրկող, մուգ գույնի հագուստներ, որը հակացուցված է, եւ որի դեմ մենք փորձում ենք պայքարել»,-նշեց տիկին Դնոյանը:
Իսկ ովքե՞ր են օգտվում կենտրոնի ծառայություններից: Դնոյանի խոսքով՝ իրենց հաճախորդների մեջ շատ են հատկապես հայ շոուբիզնեսի նեկայացուցիչները, ովքեր ցանկանում են բեմական զգեստներ ձեռք բերել:
Նրանք են՝ երգիչներ Ինգա եւ Անուշ Արշակյանները, Անդրեն, Արսեն Սաֆարյանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ այլք: Կենտրոնն այժմ աշխատում է նաեւ Երգի պետական թատրոնի հետ: Կարինե Դնոյանը հատուկ ուշադրություն սեւեռեց նաեւ հանրահայտ «Եվրատեսիլ» մրցույթին եւ նշեց, որ այդ մրցույթին մասնակցած երգիչները՝ Անդրեն, Սիրուշոն, Ինգա եւ Անուշ Արշակյաններն աշխատում էին «Ատէքսի» հետ, սակայն մրցույթին հագուստները պատվիրեցին ռուս դիզայներներին: Նույն կերպ վարվեց նաեւ Եվա Ռիվասը՝ հագուստը պատվիրելով ռուս ոչ հայտնի դիզայների մոտ: «Ես չգիտեմ, թե ինչո՞ւ են մեր երգիչները հագուստ ընտրելիս նախապատվությունը տալիս այլազգի դիզայներներին, եւ հետո հպարտությամբ հայտարարում, որ իրենց հագուստը արժեր 20 հազար եվրո եւ այլն: Այն դեպքում, երբ մեր կենտրոնի մասնագետները երկար ժամանակ աշխատել են նրանց հետ եւ բարձր մակարդակի հագուստ առաջարկել»:
Իսկ արդյո՞ք հայ մեծահարուստների՝ օլիգարխների կանայք եւ կին քաղաքական գործիչները օգտվում են «Ատէքսի» ծառայություններից: Կարինե Դնոյանի հավաստմամբ՝ ոչ: «Դա կանանց այն կատեգորիան է, որոնց, հասկանալի է, մենք հագուստ չենք առաջարկում, եւ բացի այդ էլ նրանք հայ դիզայներների հետ շատ քիչ են աշխատում կամ գրեթե չեն աշխատում»,- նկատեց Դնոյանը, հավելելով, թե նրանք նախընտրում են կրել համաշխարհային բրենդներ՝ դա համարելով իրենց ստատուսն ընդգծելու ձեւ: «Եթե դու հարուստ ես, ապա պետք է կրես միայն համաշխարհային բրենդ. ահա այս մտածելակերպն է աշխատում այդպիսի մարդկանց մոտ: Նրանք իրենց պատվից ցածր են համարում հայ դիզայներների հագուստները կրելը»,-ընդգծեց Դնոյանը:
«Ատէքսի» տնօրենն անդրադարձավ նաեւ հայկական նորաձեւության խնդիրներին: «Ես 15 տարի է՝ Հայաստանի նորաձեւության ասպարեզում եմ աշխատում, եւ գիտեմ, որ մենք նորաձեւության շատ մեծ պոտենցիալ ունենք, սակայն չունենք ոչ մի աջակցություն: Եւ այն դիզայներները, որոնք երիտասարդ ու տաղանդավոր են, իրենք իրենցով ինչպես կարողանում են, այնպես էլ աշխատում են: Պարզ է, որ նրանք իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են գումար վաստակելու, եւ ոչ թե հավաքածուներ պատրաստելու վրա: Չունենք նաեւ նորաձեւության շաբաթներ, ցուցադրություններ, քանի որ դրանք շատ թանկ միջոցառումներ են: Բնական է, որ դիզայներն անձամբ չի կարողանում հոգալ այդ ծախսերն ու դիմում է հովանավորների աջակցությանը, ինչը, գուցե կոպիտ հնչի, ողորմություն խնդրելու պես մի բան է»:
Եւ չնայած այդ հանգամանքին՝ «Ատէքսը» պատրաստվում է առաջիկայում ցուցադրել իր աշնանային հավաքածուն, որում օգտագործված են 50-ականների նորաձեւության տենդենցները՝ կանացիությունն ու եթերայնությունը՝ համեմված հայկական տարրերով: Հավաքածուն հիմնականում բաղկացած է մարմինը կիպ գրկող փեշերից, կիսաշրջազգեստներից, թիկնոցներից: Ու քանի որ այս աշուն համաշխարհային նորաձեւության թելադրող գույները կարմիրն ու սեւն են լինելու, կենտրոնի աշնանային հավաքածուն բաղկացած է լինելու սեւի ու կարմիրի տարբեր երանգների կտորներից կարված հագուստներից: «Կարմիրը շատ համարձակ գույն է, եւ բոլորը չէ, որ այն օգտագործում են առօրյա հագուստում, այդ պատճառով էլ մեր հավաքածուն բաղկացած է լինելու ալ կարմիրից մինչեւ բոռդո, սեւից մինչեւ շագանակագույն ու մոխրագույն կտորներից»,-նշեց Դնոյանը:
Պատրաստեց Հեղինե Մանուկյանը




























